Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Среда, 2017-09-20
Главная » 2016 » Ноябрь » 1 » Կրծքագեղձի ամենատարածված հիվանդության՝ մաստոպաթիայի առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժումը
loading...
3:24 PM
Կրծքագեղձի ամենատարածված հիվանդության՝ մաստոպաթիայի առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժումը


 

Կրծքագեղձի  առավել  տարածված  հիվանդությունը  համարվում  է  մաստոպաթիան (ֆիբրոզ-կիստոզ հիվանդություն): Այն  դիտվում  է  կանանց  20-60%-ի մոտ, հաճախ   30-50 տարեկան  հասակում: 

Մաստոպաթիան  կրծքագեղձում  դիսհորմոնալ  հիպերպլաստիկ  պրոցես  է: Ըստ  Առողջապահության  համաշխարհային  կազմակերպության  սահմանման, ֆիբրոզ-կիստոզ  հիվանդությունը   բնութագրվում  է  կրծքագեղձի  հյուսվածքում  պրոլիֆերատիվ  և  ռեգրեսիվ  փոփոխությունների  լայն  սպեկտրով, էպիթելային  և  շարակցահյուսվածքային  բաղադրիչների  անկանոն  հարաբերությամբ: Մաստոպաթիան  համարվում  է  ֆակուլտատիվ  նախաքաղցկեղ, նրա  պրոլիֆերատիվ  ձևերի  առկայության  դեպքում  կրծքագեղձի  քաղցկեղի   առաջացման  հավանականությունը  3-5  անգամ ավելի  բարձր է:

Մաստոպաթիայի  առաջացման  գործում  կարևոր  նշանակություն  ունեն


- վերարտադրողական (ռեպրոդուկտիվ)  շրջանի  անբարենպաստ  առանձնահատկությունները,
- ժառանգական  նախատրամադրվածությունը,
- ներզատիչ  գեղձերի  առաջնային  կամ  միջնորդավորված  դիսֆունկցիան,
- լյարդի  հիվանդությունները,
- շաքարային  դիաբետը  և  կոլագենոզները,
- սնման  բնույթի  և  ռեժիմի  խախտումները:

Մաստոպաթիաների  ժամանակ  հորմոնային  համակարգերի  ֆունկցիոնալ  վիճակի    վերլուծությունը  բնութագրվում  է  սեկրեցիայի  դիսբալանսով  ինչպես  հիպոթալամո-հիպոֆիզար  մակարդակում (պրոլակտինի, լյուտեինիզացնող, ֆոլիկուլոխթանիչ, ադրենոկորտիկոտրոպ  հորմոնների  գերարտազատում, թիրեոտրոպ  հորմոնը  հարաբերականորեն  կայուն է), այնպես  էլ  պերիֆերիկ  մակարդակում (կորտիզոլի  և  տեստոստերոնի  գերարտազատում, պրոգեստերոնի  թերարտազատում):  Հարկ  է  ընգծել  պրոլակտին/պրոգեստերոնային ցուցիչի  (ինդեքսի) նշանակությունը`  ինչպես  պրոլակտինի  անմիջական   գերակշռմամբ, այնպես  էլ  պրոգեստերոնի  հարաբերական  նվազմամբ: Հայտնի  է, որ  պրոգեստերոնը  նվազեցնում  է  կրծքագեղձի  հյուսվածքում  պրոլակտինի  ընկալիչների  (ռեցեպտորների)  քանակը, իսկ  գլյուկոկորտիկոիդները  և  անդրոգենները  ավելացնում  են  այն:

Տարբերում  են  մաստոպաթիայի  տարածուն (դիֆուզ)  և  հանգուցավոր (օջախային)  ձևեր: Դիֆուզ  ձևերը  լինում  են  կիստոզ, ֆիբրոզ,  գեղձային  բաղադրիչների  գերակշռմամբ  և  խառը:

Կլինիկական  պատկերը: Հիվանդության  սկզբնական  շրջանում (մաստալգիա, մաստոդինիա)  հիվանդները  գանգատվում  են  կրծքագեղձերում  ցավային  ցգացումից, որը  սկսվում  է  դաշտանից  մի  քանի  օր  առաջ: Ցավերը  հաճախ  ունեն  կաուզալգիկ  բնույթ, տեղակայում  են մեկ  կամ  երկու կրծքագեղձերում, ճառագայթում  են  անութափոսի, թիակի  կամ  ուսահոդի  շրջան: Ցավային  զգացումները  սովորաբար  ուժեղանում են  դաշտանային  ցիկլի  երկրորդ  փուլում, նվազում  կամ  անհետանում  են  դաշտանի  սկսման  հետ:  Աստիճանաբար  ցավային  համախտանիշը  դառնում  է  ավելի  ինտենսիվ   և  մշտական: Շոշափելիս  առկա  է  կրծքագեղձերի  խիստ  ցավոտություն, և  դիֆուզ  պնդացում: Կարող  են  շոշափվել  պնդացած  հատվածներ  առանց  հստակ  սահմանների, ձգանների  կամ  մանր  հատիկավորության  (ՙկոտորակների՚) տեսքով:  Կարող  է  դիտվել  տարբեր  բնույթի արտադրություն  պտուկից:

 


Բաց  գույնի, ջրիկ  կամ  կաթնանման  արտադրությունները  վկայում  են  ոչուշ  սկսված  պրոցեսի  մասին,  իսկ  մուգ, կանաչավուն  կամ  շագանակագույն  արտադրությունները`  հիվանդության  մեծ  վաղեմության  մասին:

Մաստոպաթիայի  հանգուցավոր  ձևի  դեպքում  կրծքագեղձում  պնդացումներն  ավելի  հստակ  են  և  հիշեցնում  են  ուռուցքը: Տարբերակիչ-ախտորոշիչ  նշանակություն  ունի  պրոցեսի  ցիկլային  բնույթը. մաստոպաթիկ  հանգույցն  ավելի  արտահայտված  է  դաշտանից  առաջ  և  նվազում է  դաշտանի  սկսման  հետ:  Բացի  այդ, մաստոպաթիկ  հանգույցները  մարմնի  տարբեր  դիրքերում  փոխում  են  տեղակայումը, չափսերը  և  կոնսիստենցիան: Ափով  կրծքավանդակի  պատին  սեղմելիս  այն  դադարում  է  որոշվել  (Քյոնիգի  բացասական  ախտանշան):

Մաստոպաթիայի  ախտորոշման  ժամանակ  կարևոր  նշանակություն  ունեն  ուլտրաձայնային  և  մամոգրաֆիկ  հետազոտությունները:

Մաստոպաթիայի  դեպքում  մամոգրաֆիկ  հետազոտության  ժամանակ  դիտվում  է կրծքագեղձի  կամ  նրա  բաժինների  տարածուն, ձգանային  խավարում  և  լուսավորումներ (կիստաներ): Խավարման  ֆոնի  վրա  առկա  մանր  կալցինատները (միկրոկալցիֆիկատներ)  կարող  են  վկայել  պրոցեսի  չարորակացման  մասին: Բուժումը  պետք  է  կրի  էթիոպաթոգենետիկ  բնույթ, պետք  է  հայտնաբերել  հիվանդության  առաջացման  պատճառը  և  վերացնել  այն:

Դիֆուզ  մաստոպաթիայի  արդյունավետ  բուժման  գրավական կարող  է  լինել  հետևյալ  կանոնների  պահպանումը.


- անամնեզի  մանրազնին  հավաքում,
- ուղեկցող  հիվանդությունների  բուժում,
- լրացուցիչ  հետազոտություններ (կրծքագեղձի  քաղցկեղի  ժխտում),
- համալիր  մոտեցում  (ազդեցություն  ախտաբանական  պրոցեսի  տարբեր  օղակների  վրա,
- բուժման  փուլային  ընթացք,
- պարբերաբար  հսկողություն:

Դիֆուզ  մաստոպաթիայի  բուժումն  ունի  պահպանողական (կոնսերվատիվ) բնույթ: Այն  սկսում  են  ոչհորմոնային  դեղամիջոցների  կիրառմամբ:  Նշանակում  են  կալիումի յոդիդի  միկրոդեղաչափեր (միկրոյոդոթերապիա), հակաօքսիդանտ  վիտամիններ (A,E), հանգստացնող (սեդատիվ)  ազդեցությամբ  դեղամիջոցներ (բրոմկամֆորա, ֆիտոսեդատիվներ), պրոլակտոստատիկներ (մաստոդինոն, բրոմկրիպտին), հեպատոպրոտեկտորներ (կարսիլ, հոֆիտոլ): Արտահայտված  ցավային  համախտանիշի  դեպքում  բավականին  արդյունավետ  է  դիմեքսիդի  (դիմեթիլսուլֆօքսիդի) տեղային  կիրառումը  թրջոցների  ձևով:  Ոչ հորմոնային  բուժման  անարդյունավետության  դեպքում, կախված  հիվանդի  էնդոկրին  պրոֆիլից  նշանակում  են  համապատասխան  հորմոնային  դեղամիջոցներ (արական  և  իգական  սեռական  հորմոններ, հակաէստրոգեններ, թիրեոիդին, տեղային  ազդեցությամբ  հեստագեններ):

Հանգուցավոր  մաստոպաթիայի  դեպքում  բուժումը  վիրահատական  է:  Կատարվում  է  կրծքագեղձի  սեկտորալ  մասնահատում  շտապ  հյուսվածաբանական  հետազոտմամբ:

 

Աղբյուր՝ doctors.am

Просмотров: 5615 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar