Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Четверг, 2017-09-21
Главная » 2017 » Январь » 18 » Ուտեստները սեղանին մատուցելու կանոնները
loading...
5:32 PM
Ուտեստները սեղանին մատուցելու կանոնները

Ցանկացած կին վաղ թե ուշ ստիպված է լինում տոնական հյուրասիրություն կազմակերպել՝ պատասխանատվություն կրել ամեն ինչի համար, պատրաստել, հետևել, թե ինչ է կատարվում սեղանի շուրջը։ Սա այնքան էլ հեշտ աշխատանք չէ, քանի որ անհրաժեշտ է ոչ միայն գեղեցիկ զարդարել սեղանը, պատրաստել բոլոր ուտեստները, այլ նաև ճիշտ ձևով և ճիշտ ժամանակին դրանք մատուցել։ Կանոններից թեկուզ և մեկը չկատարելու դեպքում հյուրասիրությունը կարող է անհրաժեշտ տպավորությունը չթողնել։ Ճիշտ իմանալով ուտեստների և խմիչքների մատուցման ձևը՝ դուք ամոթով չեք մնա։ Հյուրասիրության հաջողությունն էլ ապահովված կլինի։

Ուտեստների մատուցման կանոնները

Սառը ուտեստներ

Մինչև հյուրերի գալը սառը ուտեստներն արդեն իսկ սեղանին պետք է լինեն. դրանք ցանկալի է գեղեցիկ զարդարել։ Եթե որևէ ուտեստի համար սեղանին տեղ չի մնում, պետք չէ սեղանի դասավորությունը խախտել, իրար մոտեցնել մյուս ափսեները կամ սեղանից վերցնել ծաղկամանը. պարզապես տվյալ ուտեստն ավելի ուշ մատուցեք։ Եթե հյուրերը քիչ են, դուք կարող եք սեղանին կից լրացուցիչ փոքր սեղան դնել, որտեղից հարմար կլինի մատուցելը։ Սկզբում մատուցում են ձկնեղենը, ապա` բուտերբրոդները, վերջում՝ աղցանները։ Աղցանները մատուցում են հետևյալ հերթականությամբ. սկզբում ձկնային, հետո մսով և միայն դրանցից հետո բանջարեղենային աղցանները։ Աղցաններից հետո գալիս է մսով ուտեստների ժամանակը՝  երշիկ, վիտչինա, պաշտետ, սառը թռչնամիս։ Որոշ դեպքերում հյուրերն իրենք կարող են սպասարկել իրենց (սա այն դեպքում, եթե հյուրերի քանակը վեցից ավելին չէ)։ Եթե հյուրերը շատ են, ապա տանտիրուհին պետք է յուրաքանչյուրին մոտենա ձախ կողմից, որպեսզի նրանք կարողանան ուտեստից վերցնել իրենց բաժինը։

Առաջին ուտեստ

Նախուտեստից հետո առաջին ուտեստի ժամանակն է։ Եթե սեղանի շուրջը քիչ մարդ կա, տանտիրուհին պետք է ապուրի ամանը կողքին դնի, դրանից լցնի յուրաքանչյուր հյուրի համար։ Հյուրերի մեծաքանակ լինելու դեպքում անհրաժեշտ է ապուրամանով հյուրին մոտենալ ձախ կողմից, վերջինս ինքը լցնում է իր համար անհրաժեշտ բաժինը։ Կարելի է նաև արդեն խոհանոցում ապուրը կամ բուլյոնը լցնել առանձին բաժակների մեջ,  դրանք դնել ափսեի մեջ՝ աջ կողքին գդալով, և հենց այդպես մատուցել։ Եթե առաջին ուտեստի հետ չորահաց կամ կարկանդակ էլ կա, դրանք մատուցում են անձեռոցիկով ծածկված սկուտեղի վրա։ Ապուրի փոխարեն հյուրերին կարելի է նաև խավարտով եփած ձուկ առաջարկել։

Երկրորդ ուտեստ

Առաջին ուտեստը վերջացնելուց հետո անհրաժեշտ է հավաքել ափսեները և մատուցել երկրորդը, որը, որպես կանոն, մսով ուտեստ է լինում։ Այն սեղանին դնում են կլոր կամ օվալաձև ափսեներով, յուրաքանչյուրի մեջ դնում են գդալ կամ պատառաքաղ։ Եթե նախատեսել եք մի քանի մսային ուտեստ, ապա առաջինը պետք է մատուցել տապակած կամ խորոված միսը, դրանից հետո միայն` թռչնի մսով ուտեստները։

Խմիչքներ

Սև սուրճը մատուցում են ափսեի վրա դրված փոքր բաժակներով, յուրաքանչյուր ափսեի վրա անհրաժեշտ է թեյի գդալ դնել։ Թեյնիկը տանտիրուհին դնում է կողքին, ապա լցնում թեյը բաժակների մեջ ու մատուցում։ Եթե թեյի հետ նաև մուրաբա է նախատեսված, ապա այն պետք է պնակով մատուցվի յուրաքանչյուր հյուրին։

Դեսերտ

Սուրճի կամ թեյի հետ կոնֆետներ, տորթ կամ հրուշակ հյուրասիրեք։ Տորթի հետ հատուկ բահիկ է պետք դնել, հրուշակներն ու կոնֆետները պետք է դնել սկահակի մեջ։ Տուփով կոնֆետները հենց այդպես տուփով էլ մատուցեք։

Ալկոհոլային խմիչքներ

Սառը կծու նախուտեստի հետ մադերա, պորտվեյն կամ օղի են օգտագործում, սպիտակ գինին մատուցում են աղցանների և ձկան հետ։ Մսից տաք ուտեստների հետ կարմիր գինի են խմում, հնդկահավի ու հավի հետ՝ սպիտակ։ Ապուրի հետ գինի չեն մատուցում։ Երբ սուրճի ժամանակը գա, կարելի է դրա հետ լիկյոր կամ կոնյակ մատուցել։ Քաղցր ուտեստների հետ կարելի է առաջարկել տոկայ, մուսկաթ կամ քաղցր (կիսաքաղցր) շամպայն (սա պարտադիր չէ)։ Բացի այդ, չոր կամ կիսաչոր շամպայնը կարելի է օգտագործել մսի ու նախուտեստի հետ։

Խմիչքների մատուցման ջերմաստիճանը

Սպիտակ չոր գինին ու օղին սառեցնում են մինչև 8-10 աստիճան, իսկ կարմիր գինիները` հակառակը, մատուցում են մինչև 20 աստիճան տաքացրած։ Սենյակային ջերմաստիճանը (16-18 աստիճան) հարմար է կոնյակի, լիկյորի համար։ Շամպայնը պետք է լինի 6-7 աստիճան, այդ իսկ պատճառով այն անհրաժեշտ է սառեցնել ոչ թե սառնարանում, այլ սառույցով լցված դույլիկի մեջ։ Մրգահյութերը, գազով հյութերը, հանքային ջրերը, կոկտեյլները խմում են սառույցով։ Սառույցի կտորները կարելի է բերել հատուկ դույլիկի մեջ կամ միանգամից բաժակի մեջ մատուցել։ Սեղանի շուրջը շիշը զգուշորեն է պետք բացել՝ հյուրերին չթրջելու համար։ Սկզբում տանտերը մի քանի կաթիլ գինին լցնում է սեփական բաժակը, ապա և մյուս հյուրերին՝ սկսելով կանանցից։

Պետք է լցնել հյուրից աջ դրված բաժակները` դրանց 2/3-րդի չափով։ Կարմիր գինին պետք է թափանցիկ բաժակների մեջ լցնել և ոչ մի դեպքում գունավոր կամ փոքր բաժակների մեջ։ Շամպայնը լցնելիս հատուկ զգուշություն պետք է պահպանվի, սկզբում լցնում ենք բաժակի կեսը, ապա մինչև 3/4-ը։ Օղու, լիկյորի կամ կոնյակի կիսատ շշից խմիչքը պետք է լցնել ջրամանի մեջ և միայն հետո մատուցել սեղանին։ Շշով գարեջուրը բացում են սեղանի մոտ, լցնում մաքուր չոր բաժակների մեջ և մատուցում աջ կողմից։ Փրփուր առաջացնելու համար շիշը անհրաժեշտ է բարձրացնել բաժակից։ Եթե գարեջրի բաժակներին թեկուզ չնչին քանակությամբ յուղ լինի, փրփուրը արագ կնստի, ուստի բաժակները պետք է շատ լավ լվացված լինեն։ Խմիչքները լցնելիս շիշը պետք է բռնել աջ ձեռքով, անձեռոցիկը՝ ձախով, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի մաքրել շշի բերանը։

Հիշեք այս պարզ կանոնները, և ձեր հավաքույթները միշտ հարթ կընթանան։

http://newsline.am/am/news/view/45751.html

Просмотров: 11377 | Добавил: sedablog1 | Рейтинг: 4.0/2
loading...
Всего комментариев: 0
avatar