Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Четверг, 2017-09-21
Главная » 2017 » Январь » 25 » Կրծքագեղձի կիստայի տեսակները, դրա առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժման եղանակները
loading...
9:00 PM
Կրծքագեղձի կիստայի տեսակները, դրա առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժման եղանակները


Ինչ է կրծքագեղձի կիստան

Կրծքագեղձի կիստան բավական տարածված ախտաբանություն է, որն իրենից ներկայացնում է հեղուկով լցված խոռոչ կրծքագեղձի մեջ: Որպես կանոն այս հիվանդությունը բավական երկար ժամանակ չի անհանգստացնում կնոջը, իսկ տհաճ զգացողությունները, ցավն ու այրոցն ի հայտ են գալիս բավական ուշ: Դաշտանից առաջ ու դրա ընթացքում այդ զգացողությունները, որպես կանոն, ուժեղանում են:

Խոռոչն առաջանում է գեղձի ծորանի մեծացման հետևանքով, որում կուտակվում է գեղձազատուկը և աստիճանաբար առաջանում է ֆիբրոզային պատիճ: Այս նորագոյացությունները լինում են կլորավուն, օվալաձև կամ տձև:

Այս հիվանդության դեպքում կարող են նկատվել կոստոզային խոռոչի բորբոքում ու թարախակալում: Կրծքագեղձի կիստան հազվադեպ է վերածվում քաղցկեղի, սակայն միևնույն ժամանակ այն բարձրացնում է չարորակ նորագոյացությունների առաջացման հավանականությունը: Հաճախ հիվանդությունն ուղեկցվում է կանանց հորմոնալ ֆոնի և սեռական կյանքի խանգարումներով: Բացի այդ, շատ մեծ չափերի դեպքում կիստան կարող է նաև փոխել կրծքի ձևը:

Կրծքագեղձի կիստայի առաջացման պատճառներն ու զարգացման գործոնները

Կրծքագեղձի կիստայի առաջացման հիմնական պատճառը հորմոնալ դիսբալանսն է, որը որպես կանոն զարգանում է, երբ ձվարանները սկսում են չափազանց շատ էստրոգեն արտադրել: Կանանց սեռական հորմոնների բարձր մակարդակի հետևանքով կրծքագեղձի էպիթելի հյուսվածքները սկսում են տարածվել և այն այտուցվում է: Այս կերպ խցանվում են կրծքագեղձերի ծորանները և առաջանում է կիստա:

Սակայն եթե հիվանդությունը կրում դիֆուզային բնույթ, ապա կրծքագեղձի կիստան լինում է բազմաթիվ մանր կիստաների տեսքով:

Որոշ արտաքին խթանիչներ կարող են նպաստել կնոջ հորմոնալ ֆոնի խանգարմանը: Մասնավորապես՝ կրծքագեղձի կիստայի առաջացմանը կարող են նպաստել.

·         երկարատև մտավոր ծանրաբեռնվածությունը,

·         հաճախակի հուզական գերծանրաբեռնվածությունները,

·         սթրեսները,

·         հաճախակի գերհոգնածությունը:

Կանանց էնդոկրին համակարգի համար ամենավտանգավոր երևույթը հղիության արհեստական ընդատումներն են: Հաճախակի աբորտների դեպքում ձվարանների գործառույթները խանգարվում են, ինչի հետևանքով ավելի շատ էստրոգեն է ատադրվում և առաջանում է կիստա:

Կրծքագեղձի կիստայի արտադրման վրա ազդում են հետևյալ գործոնները.


·         Ավելորդ քաշ. ճարպային հյուսվածքները կուտակում են պրոգեստերոն հորմոնը, որն այնտեղ վերածվում է էստրոգենի: Սա է պատճառը, որ ավելորդ քաշի խնդիր ունեցող կանանց մոտ բարձր է լինում արյան մեջ էստրոգենի բարձր մակարդակի հետ կապված հորմոնալ հիվանդությունների առաջացման հավանականությունը:

·         Անառողջ սնունդ. անառողջ սննդակարգի հետևանքով խանգարվում է նյութափոխանակությունը, ինչը վաղ թե ուշ ազդում է կնոջ նեյրոէնդոկրին համակարգի վրա:

·         Ջերմային ներգործություն. ջերմային պրոցեդուրաներն ու ուլտրամանուշակագույն ճառագայթները բարձրացնում են էստրոգենի արտադրությունը, ինչն էլ մեծացնում է կիստայի առաջացման հավանականույթունը:

·         Վնասվածքներ. ցանկացած վնասվածք կարող է դառնալ կրծքագեղձի կիստայի առաջացման պատճառ:

Հիվանդությունների տեսակները. կրծքագեղձի կիստայի դասակարգումը

Գոյություն ունեն կրծքագեղձի կիստայի հետևյալ տեսակները.

·         Կրծքագեղձի ատիպիկ կիստա. այս դեպքում կիստան առաջանում է ծորանում հեղուկի կուտակման հետևանքով: Այն ունենում է տարբեր տրամագծով կլորավուն կամ օվալաձև ֆիբրոզային պատիճ: Կրծքագեղձի ատիպիկ կիստան լինում է բարորակ և ունենում է դեպի խոռոչի ներս ձգվող ճյուղավորումներ:

·         Ֆիբրոզային կիստա. այս տեսակը շատ մեծ դեր է խաղում օնկոլոգիայի մեջ: Այն լինում է պրոլիֆերատիվ և ոչ պրոլիֆերատիվ: Որպես կանոն, նման կիստաներն առաջանում են դաշտանադադարի ժամանակահատվածում՝ հորմոնալ խանգարումների հետևանքով: Ֆիբրոզային կիստայի առաջացման գործոն կարող են դառնալ ինչպես իմունային համակարգի աշխատանքի խանգարումը, այնպես էլ առանձին օրգանների և համակարգերի աշխատանքի խանգարումները:

·         Սոլիտար կիստա. սա բարորակ կիստա է, որը ոչ մի վտանգ չի ներկայացնում: այն լինում է կլորավուն և ունենում է առաձգական կազմություն: Սա հեղուկով լցված ուռածություն, որի պատիճը ժամանակի ընթացքում ավելի է կարծրանում: Այն դրսևորվում է դաշտանային ցիկլի երկրորդ շրջանում նկատվող ցավոտ զգացողություններով, որոնք անհետանում են դաշտանի ավարտվելուն պես:

·         Ծորանային կիստա. կիստայի այս տեսակը կարող է առաջանալ ցանկացած տարիքում, սակայն ամենից հաճախ ի հայտ է գալիս 48 տարեկանից հետո: Սա նախաքաղցկեղային վիճակն է և կազմում է կրծքագեղձի նորագոյացությունների 1%-ը: Սա կրծքագեղձի ներծորանային պապիլոման է, որը դրսևորվում է կրծքագեղձի ներսում առաջացած փոքրիկ պալարներով:

·         Բազմախոռոչ կիստա. այս դեպքում կիստան սկզբնական շրջանում ձևավորվում է որպես մեկ գոյացություն, սակայն հետագայում դրա մոտ սկսում են առաջանալ նոր կիստաներ: Սա շատ վտանգավոր հիվանդություն է, որը կարող է վերածվել քաղցկեղի:

Կրծքագեղձի կիստայի ախտանշանները

Որպես կանոն՝ ոչ շատ մեծ կիստաները հազվադեպ են անհանգստացնում հիվանդին և հայտնաբերվում են պատահաբար, սակայն հիվանդության զարգացման ու կիստաների մեծացման հետ մեկտեղ առաջանում են ցավոտ զգացողություններ: Կարող է նկատվել կրծքագեղձի կոշտացում, որն ի հայտ է գալիս դաշտանից մի քանի օր առաջ:

Խոշոր կիստաների դեպքում ցավոտ զգացողությունները կրում են մշտական բնույթ: Բացի այդ, նկատվում են նաև այրոց ու անհամաչափ կոշտացումներ:

Կրծքագեղձի կիստան առաջանում է անկախ դաշտանային ցիկլից: Չափազանց մեծ կիստաների դեպքում կրծքագեղձը կարող է դեֆորմացվել: Նկատվում է կարմրություն, իսկ երբեմն նույնիսկ մաշկի կապտածություն: Այս հիվանդությունն ուղեկցվում է նաև թևատակերի ավշային հանգույցների մեծացմամբ:

Ինչ պետք է անի հիվանդը կրծքագեղձի կիստայի ախտորոշման դեպքում

Կանայք պետք է ամեն տարի առնվազն մեկ անգամ բուժզննում անցնեն համապատասխան մասնագետի մոտ, իսկ կոշտացումների և այլ կասկածելի ախտանշանների հայտնաբերման դեպքում հարկավոր է անմիջապես միջոցներ ձեռնարկել:

Կրծքագեղձի կիստայի ախտորոշումը

Որպես կանոն՝ խոշոր կիստաները կարելի է ախտորոշել նույնիսկ շոշափելով, սակայն մանր կիստաների դեպքում հարկավոր է կատարել ուլտրաձայնային հետազոտություն և մամոգրաֆիա:

Որոշ դեպքերում կարող է լինել մագնիսառեզոնանսային շերտագրության անհրաժեշտություն, սակայն ախտորոշման այս մեթոդը կիրառվում է միայն բացառիկ դեպքերում:

Եթե գոյացության ներսում հայտնաբերվում են պապիլոմաներ, ապա կատարվում է նաև բիոպսիա՝ պարզելու համար, թե ինչ բնույթի են նորագոյացությունները (բարորակ կամ չարորակ):

Կրծքագեղձի կիստայի բուժումը

Հիվանդության բուժումն իրականացվում է բժիշկ-մամոլոգի հսկողության տակ: Պահպանողական բուժման դեպքում հիվանդին նշանակվում են հատուկ դեղամիջոցներ՝ հորմոնալ ֆոնի կարգավորման համար: Որոշ դեպքերում իրականացվում է պունկցիա, որի ժամանակ կիստայի խոռոչից դուրս է բերվում հեղուկը, այնուհետև ներարկվում է հատուկ լուծույթ, որը ոչնչացնում է կիստայի պատիճը:

Եթե կիստան արտահայտված ատիպիկ բնույթի է, ապա կարող է նշանակվել վիրահատական բուժում:

Ինչ բարդություններ կարող են առաջանալ կրծքագեղձի կիստայի դեպքում

Կրծքագողձի կիստայի որոշ տեսակներ կարող են վերածվել չարորակ ուռուցքի: Սա է պատճառը, որ այս ախտաբանությունը հարկավոր է հնարավորինս շուտ բուժել:

Կրծքագեղձի կիստայի կանխարգելումը

Հարկ է հիշել, որ կրծքագեղձի կիստայի կանխարգելման որևէ հատուկ մեթոդ գոյություն չունի: Պարզապես հարկավոր է ժամանակին բուժզննում անցնել, վարել առողջ ապրելակերպ և հրաժարվել վատ սովորություններից ու հորմոնալ դեղամիջոցների հաճախակի կիրառումից:

 

 

Նյութի աղբյուրը՝ likar.info

Просмотров: 742 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar